Սոցիալական փաթեթի հատկացման կարգում փոփոխություններ են կատարվել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության հերթական նիստում ներկայացրել է սոցիալական փաթեթից օգտվելու կարգում  փոփոխություններ մտցնելու որոշման նախագիծը։

Որոշման նախագծով առաջարկվում է կարգավորել հետևյալ խնդիրները.

  • շահառուի կողմից պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելուց 365 օր հետո սոցփաթեթի ծառայություններից օգտվելու արգելքը (սոցփաթեթի միջոցներից բանկի կողմից փոխանցումներ կատարելու արգելքը) չտարածել այն դեպքերի վրա, երբ շահառուն արդեն իսկ օգտվել է սոցփաթեթի ծառայություններից և ունի ձևավորված պարտավորություններ.
  • սոցիալական փաթեթի գումարները միանվագ փոխանցելու հնարավորություն նախատեսել ևս 2 դեպքում՝

ա) երբ սոցփաթեթի շահառուն օգտվում է ուսման վճարի ծառայությունից և փոխանցումը կատարվում է ավարտական կուրսում սովորողի համար (համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում),

բ) երբ շահառուն աշխատանքից ազատվում է և ծառայությունների գծով ունի ձևավորված պարտավորություն.

  • շահառուին հնարավորություն է տրվում իր սոցփաթեթի միջոցները ուղղել նաև «Պետական ծառայողներին մատչելի բնակարան» և «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրերի շրջանակներում տրամադրված հիփոթեքային վարկի մարմանը.

  • ամբողջականացնել ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների սոցիալական փաթեթից օգտվելու կարգավորումը, նախատեսելով նրանց սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը վերականգնել ՀՀ-ում գործող դիվանագիտական ծառայության մարմին վերադառնալու պահից.

  • սոցփաթեթի շահառու հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների համար 2018թ. հունվարի 1-ից նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջը հանել:

Նախագիծը ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել:

 

 

ԿԻՍՎԵԼ