Նախարար Արտեմ Ասատրյանն ու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանն այցելել են թիվ 1 տուն-ինտերնատ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ-Էնեզին դեկտեմբերի 18-ին այցելել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ:

Այցելության ընթացքում նախարարն ու դեսպանը շրջել են Քուվեյթի պետության կողմից կառուցված և կահավորված մասնաշենքում, շփվել տարեցների հետ, ծանոթացել պայմաններին. օդափոխության լավագույն համակարգ, որն անհրաժեշտ է անկողնային պայմաններում տարեցների խնամքի կազմակերպման համար, լվացքատուն, խոհանոց, տարեցների ժամանցի համար նախատեսված սենյակներ, անկողնային խնամք ստացող տարեցի համար հնարավորություն՝ ընդամենը մեկ կոճակ սեղմելով իր սենյակ հրավիրել խնամող բուժքրոջը, սոցիալական աշխատողին:

Նոր մասնաշենքում ապրում և անկողնային խնամք են ստանում 72 տարեց բնակիչ:

«Մեծ ու կարևոր արդյունք է մեր տարեցների խնամքը ժամանակակից պայմաններում կազմակերպելը, ինչի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Քուվեյթի կառավարությանը, դեսպանին անմիջական ներդրման և հատկացված դրամաշնորհային միջոցներով կառուցված նոր մասնաշենքի համար, որը, կարելի է ասել, տարածաշրջանում այսօր համարվում է լավագույնը»,- նշել է նախարարը:

Այսօր արդեն, նախարարի խոսքով, պետք է փաստել, որ ժամանակին բարձրաձայնված խնդիրները, կապված տուն-ինտերնատի անկողնային խնամք ստացող տարեցների հետ,  կարելի է լուծված համարել, չնայած որ անելիքներ դեռ կան և առաջիկայում Քուվեյթի և ՀՀ կառավարության միջև արդյունավետ համագործակցության շրջանակներում ներկայացվելու են ծրագրեր հարակից մասնաշենքերի և տարածքների բարեկարգման համար:

Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ-Էնեզին իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Արտեմ Ասատրյանին և տուն ինտերնատի ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար՝ նշելով, որ անչափ ուրախ է տուն-ինտերնատում ապրող տարեցներին օգնելու և մասնաշենքում լավագույն պայմաններ ստեղծելու համար:

Դեսպանի խոսքով, նախարար Արտեմ Ասատրյանի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն տոներից հետո քննարկել  տուն ինտերնատի մյուս խնդիրները: Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել  հստակ ծրագրերի առաջարկի դեպքում կյանքի կոչել դրանք:

«Քիչ առաջ, երբ շփվում էինք տարեցների հետ, շատ ուրախացա՝ լսելով թե ինչպես էին նրանք  գոհունակությամբ խոսում նոր պայմանների ու աշխատակիցների վերաբերմունքի մասին: Բոլոր տարեցները շնորհակալություն էին հայտնում և գնահատանքի  խոսքեր ասում պարոն նախարարին, ինչը ինձ անչափ դուր եկավ: Մենք պետք է աշխատենք մնալ այս ուղղության վրա»,- ասել է դեսպանը, այնուհետև՝ բոլորին շնորհավորել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

«Ես հայ ժողովրդին շնորհավորում եմ և մաղթում եմ լավագույնը: Թող 2018 թվականը մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման տարի լինի»,-մաղթել է Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ-Էնեզին:

Այցելության ընթացքում խնամվող տարեցներից տիկին Գրետան նախարարին և դեսպանին է նվիրել իր ձեռագործ աշխատանքներից:

Միջոցառման ավարտին տարեցների համար դեսպանի կողմից կազմակերպվել է հյուրասիրություն, որին մասնակցել են նախարարը, դեսպանը՝ կնոջ և որդու հետ:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ