Նոր համագործակցություն՝ երեխաների պաշտպանության ոլորտում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի և Բուլղարիայի դեսպանի միջև դեկտեմբերի 8-ին ստորագրվել է համաձայնագիր:

Համաձայնագրի շրջանակում  կիրականացվի 18 ամիս տևողությամբ ծրագիր, որը կաջակցի  երեխայի պաշտպանության ոլորտում ներկայումս իրականացվող  բարեփոխումներին: Համագործակցության նպատակը երեխաների պաշտպանության ոլորտում Բուլղարիայի փորձի ուսումնասիրումն է  և ծնողական խնամքից զրկված երեխաների համար ընտանեկան տիպի խնամքի ծառայության փորձարկումը։

Ծրագիրը իրականացվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ երկարատև համագործակցությունը՝  բարձր է գնահատել  հիմնադրամի ակտիվ և առարկայական ներդրումը գործընթացում: «Մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր երեխա ապրի ընտանիքում։ Շուրջօրյա խնամքի հաստատությունները, որոնք մենք ժառանգել ենք Խորհրդային միությունից,  այժմ վերակազմակերպում ենք՝ դարձնելով  դրանք երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնների և այս արմատական բարեփոխումների մեր հիմնական գործընկերը  ՅՈՒՆԻՍԵՖ-ն է»,- ասել է նախարարը:

Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվան չափազանց կարևորել է երեխաների պաշտպանության և երեխաների խնամքի ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ  ՅՈՒՆԻՍԵՖ-ը, օգտագործելով Բուլղարիայի  լավագույն փորձը, կարող է աջակցել Հայաստանում այդ բարեփոխումների ընթացքին։

Բուլղարիայի փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը պայմանավորված է այս ոլորտում  ունեցած այդ երկրի ծանրակշիռ փորձով. Բուլղարիայում փակվել կամ վերակազմակերպվել են երեխաների խնամքի և պաշտպանության բոլոր շուրջօրյա հաստատությունները, ինչպես նաև այն հաստատությունները, որոնք  նախատեսված են եղել հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

 

 

 

ԿԻՍՎԵԼ