Տեղեկատվական համակարգերի ներդրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սոցիալական ապահովության նախարարությունում

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը հուլիսի 1-4-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սոցիալական ապահովության նախարարությունում ներդրել է 4 տեղեկատվական համակարգեր: Դրանք են` հաշմանդամների հաշվառման, աշխատանք փնտրողների ու գործատուների հաշվառման, աշխատանքի պետական տեսչության եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգերը: Կենտրոնի մասնագետներն իրականացրել են նաև ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության անձնակազմի համակարգչային ուսուցում, որպեսզի նրանք կարողանան շահագործել տեղադրված տեղեկատվական համակարգերը: ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հետ քննարկվել են նաեւ մի շարք ընթացիկ ծրագրեր, մասնավորապես` ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարության էլեկտրոնային կայքէջի ստեղծումը, անձնակազմի կառավարման տեղեկատվական համակարգի ձևավորումը, որոնք նախատեսվում է ներդնել մեկ ամսից: Քննարկվել և համաձայնություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ակտիվացմանը վերաբերվող մի շարք հարցերի վերաբերյալ:
Տեղեկատվական համակարգերի ներդրումը սոցիալական ոլորտի ծառայությունների մատուցման որակի և հասցեականության բարձրացման էական խթան կհանդիսանա: Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման առումով առաջնային դիրք է զբաղեցնում պետական կառավարման համակարգում: ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր տեղեկատվական համակարգերը կներդրվեն նաև ԼՂՀ-ում:
Ներդրվող տեղեկատվական համակարգերը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հիմք կհանդիսանան: Հուլիսի 4-ին էլեկտրոնային կառավարման համակարգը, նրա բաղադրիչները, արդյունքները և անհրաժեշտ քայլեր «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը ներկայացրեց ԼՂՀ կառավարության անդամներին: Ներկայացման կազմակերպիչների կարծիքով համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքում կարձանագրվեն լուրջ հաջողություններ, որոնք էական նշանակություն կունենան պետական ծառայությունների որակի և հասցեականության բարձրացման, պետական քաղաքականության թափանցիկության ապահովման, կառավարման և վերահսկողությանը ընթացակարգերի կատարելագործման գործում: ԼՂՀ կառավարության աջակցությամբ Սոցիալական ապահովության նախարարությունը հավակնում է դառնալ հանրապետությունում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման առաջամարտիկը: Գործընթացի իրականացմանը ակտիվ մասնակցություն կունենա «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը:

ԿԻՍՎԵԼ