Ներկայացվել է «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հայաստանում բազմազավակ ընտանիքները օրենքով կարգավիճակ կստանան: Այս մասին դեկտեմբերի  5-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել է «բազմազավակ ընտանիք» հասկացությունը, ինչպես նաև նախանշվել աջակցության տեսակները: «Օրենքի նախագծով բազմազավակ է համարվում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը: Օրենքի ընդունումից հետո այդ ընտանիքները  կստանան  կարգավիճակ և կօգտվեն որոշ հնարավորություններից, որոնք  կրթական, առողջապահական, ընտանեկան բիզնես ներդնելու և բարոյահոգեբանական բնույթի են»,- ասել է Վանիկ Բաբաջանյանը: 

Աջակցության առաջին տեսակը, որը հիմա էլ է տրամադրվում, սոցիալական աջակցությունն է: «Օրենքի հիմնական գաղափարը հետևյալն է՝ ինչպես անել, որ աղքատ ընտանիքը դառնա ինքնապահով ընտանիք, որովհետև նպաստ կարելի է տալ կրկնակի ավելի և անվերջ, բայց դա ընտանիքի համար որևէ հեռանկարային հարց չի լուծելու»,– ընդգծել է պաշտոնյան՝ հավելելով, որ հիմնական մեխը ինքնապահովումն է, այնպես անել, որ տվյալ ընտանիքն իր ուժերով կարողանա հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները:  «Եթե մարդը նպաստառու է, աղքատ է, մենք առաջարկում ենք հետևյալ մոդելը` նպաստից դեպի զբաղվածություն: Մեր նպատակն է աջակցության նպաստ տրամադրելու տեսակից անցնել դեպի զբաղվածություն»,- ասել է Վանիկ Բաբաջանյանը` նշելով որ  նախատեսում են ինքնազբաղվածությունը խթանել արտոնյալ վարկեր տրամադրելով:

Հաջորդ աջակցության տեսակը կրթական աջակցությունն է: Այն, ըստ պաշտոնյայի, ներառում է կրթական բոլոր աստիճանները` նախադպրոցականից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն: «Նախադպրոցական մակարդակում առաջարկվել է, որ բազմազավակ ընտանիքի երեխան ընդունվի արտահերթ, վարձավճարն էլ փոխհատուցվի 50 տոկոսի չափով: Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում էլ երեխաները կստանան ուսման վարձի փոխհատուցում 50 տոկոսի չափով: Հաշվի է առնվելու ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցումը»,- նշել է բաժնի պետը:

Ուղղության մյուս տեսակը, որը նախատեսված է օրենքի նախագծով, բնակարանային ապահովությունն է: Նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն, բազմազավակ 7400 ընտանիքների 70  տոկոսն ապրում է գերբեռնված բնակարաններում կամ բնակելի տներում: Այս խնդրի կարգավորման ուղղությամբ նախատեսվում է այսօր իրականացվող և ապագայում իրականացվելիք պետական նպատակային ծրագրերում այդ ընտանիքների առաջնահերթ ընդգրկումը, և բնակարանների գնման կամ շինարարության համար արտոնյալ պայմաններով վարկի տրամադրումը:

Նախագծով նախատեսվում է նաև բազմազավակ ընտանիքների անդամների համար սահմանել անվճար և արտոնյալ առողջապահական ծառայություն ստանալու հնարավորություն:

Հայաստանում ներկայում 4 և ավելի երեխա ունեցող 7 հազար 400 բազմազավակ ընտանիք է բնակվում: Նրանցից 6 հազար 400-ը նպաստ է ստանում:

 

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ