Քննարկվել են երեխաների խնամքի և պաշտպանության բարեփոխումների ընթացքի ուսումնասիրության գործիքի ներդրման հնարավորությունները

Նոյեմբերի 22-23-ը Աղվերանում․ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող MEASURE Evaluation ծրագրի շրջանակում ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը, կազմակերպել էր ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում՝ երեխաների խնամքի ու պաշտպանության ոլորտում ներգրավված ակտիվ գործընկերների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակն էր փորձարկել Ծրագիրն իրականացնող միջազգային գործընկեր՝ The Palladium Group-ի կողմից մշակված երեխաների խնամքի և պաշտպանության բարեփոխումների ընթացքի ուսումնասիրության գործիքը, որը աշխատանքային խումբը տեղայնացրել էր Հայաստանի համար։

Գործիքը մշակված է ՄԱԿ-ի այլընտրանքային խնամքի ուղեցույցի պահանջներին համահունչ և ներառում է երեխաների այլընտրանքային խնամքի հետևյալ ուղղությունները՝ խնամք հաստատություններում, որդեգրում, խնամատարություն, ֆորմալ և ոչ ֆորմալ խնամակալություն, վերահսկվող անկախ ապրելակերպ, ինչպես նաև ընտանիքից դուրս երեխայի խնամքի կանխարգելումը և հաստատությունների վերակազմավորումը։

Բոլոր նշված բադադրիչների մասով գործիքը նախատեսում է հարցադրումներ իրավական կարգավորումների, ծառայությունների առկայության և մատուցման, որակյալ մասնագետների առկայության, նրանց կարողությունների զարգացման, ֆինանսավորման, մշտադիտարկման և գնահատման համակարգի առկայության և հանրային իրազեկման աշխատանքների մասին։

Քննարկման ժամանակ մասնակիցները խմբային քննարկումներում փորձարկեցին գործիքի բոլոր բաղադրիչները և առաջարկություններ ներկայացրեցին հարցադրումների  լրամշակման, ինչպես նաև գնահատման մեթոդաբանության մասին։

Գործիքի կիրառմամբ երեխաների խնամքի և պաշտպանության բարեփոխումների ընթացքի մասնակցային գնահատում իրականացվել է MEASURE Evaluation ծրագրում ներգրավված երկրներից՝ Մոլդովայում, Գանայում և Ուգանդայում։  Հայաստանում գնահատումը կիրականացվի հունվարի 17-19-ը, որին կմասնակցեն ոլորտում ներգրավված հիմնական պետական և հասարակական կառույցներն ու կազմակերպությունները։

 

 

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ