Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Այսօր յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերով, մեր նախաձեռնություններով և  ոլորտում իրականացվող բազմաթիվ ծրագրերով պետք է իրականացնենք հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն ուղղված կարևոր քաղաքականությունը:

Մենք պետք է մեր ամենօրյա աշխատանքով ապահովենք նրանց՝ լիարժեք ապրելու, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը:

Թեև մեր պետությունը երկար ճանապարհ է անցել հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ու մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, սակայն արդյունքները բավարար համարել չի կարելի.  անելիքները շատ ավելին են, քան արձանագրած ձեռքբերումները:

Մեծապես կարևորում եմ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների  հետ արդյունավետ համագործակցությունը որդեգրած քաղաքականության իրականացման գործում, և պետք է նշեմ, որ  համագործակցության լավագույն արդյունքներից մեկը  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ մշակումն է, որը կյանքի կոչելուց հետո   նախադրյալներ կստեղծվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար  հավասար հնարավորություններ  ապահովելու  գործում:

Առաջնորդվելով օրվա խորհրդով՝ հորդորում եմ  յուրաքանչյուր քաղաքացու  ականջալուր լինել մեզ շրջապատող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին և  պատկան մարմինների հետ համատեղ ջանքերի և նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ ապահովել նրանց իրավունքների իրացման հնարավորությունները:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ