Տնային պայմաններում սպասարկվող տարեցներն այցելել են ազգային պատկերասրահ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի» կողմից շարունակվում են ավանդական դարձած շահառուների համար կազմակերպվող մշակութային միջոցառումները:

 

Հոկտեմբեր ամսին կազմակերպված Գաֆեսճյան հիմնադրամ այցելությունից հետո, նոյեմբերի 28-ին կենտրոնի շահառուներն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Պատկերասրահի գիտաշխատողի ուղեկցությամբ տարեցները շրջել են ցուցադրության դահլիճներում, ծանոթացել մեծ ծովանկարչի ստեղծագործություններին, լսել նկարների ստեղծման պատմությունը: Պատկերասրահի աշխատակիցներին տպավորել է տարեցների տեղեկացվածությունն ու հնչեցվող հարցերի բովանդակությունը:

Էքսկուրսիայի ավարտին տարեցները շնորհակալություն են հայտնել պատկերասրահի տնօրինությանը կազմակերպված այցելության համար: Հաջորդ այցելությունը նախատեսվում է իրականացնել Հայաստանի պատմության թանգարան, որտեղ բացվել է հայկական գորգարվեստի ցուցադրությունը:

ԿԻՍՎԵԼ