Տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է մատնանշել կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման համապատասխան հիմքերն ու ուղղությունները:

Օրենքի նախագծով հստակ սահմանվել են կամավորական աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու մեխանիզմները, ապահովվել են կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման և քաղաքացիական հասարակության կյանքում վերջինիս դերի բարձրացման նախապայմանները: Մշակված օրենքով հստակեցվել են նաև հիմնական հասկացությունները՝ թե ով կարող է համարվել կամավոր, որ կազմակերպությունն է կարող զբաղվել կամավորական գործունեությամբ, որ գործունեություններն ու աշխատանքներն են համարվում կամավոր, ով է հանդիսանում կամավորի կարիք ունեցող:

Անդրադառնալով ներկայացված նախագծին՝  նախարար Արտեմ  Ասատրյանը նշել է, որ այն անցել է քննարկումների մեծ ճանապարհ և պետական մարմինների, և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Մենք իսկապես կարևորում ենք կամավորական գործունեությունը և անհրաժեշտ ենք համարում այս ոլորտի օրենսդրական կարգավորումը: Այս նախաձեռնությունը պետք է բյուրեղացնել, քանի որ մեծ ներուժ ունի, որը պետք է ուղղել տարբեր խնդիրների լուծմանը, հասարակական բարիքի ստեղծմանն ու համերաշխությանը»,- ընդգծել է նախարարը:

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի զարգացումների, ազդեցությունների քաղաքականության լուծումների վերլուծություն» զեկույցը, որի շրջանակներում կատարվել է նվազագույն աշխատավարձի ինստիտուցիոնալ, տնտեսության հետ փոխառնչությունների և գնահատման ուղղություններով իրավիճակային վերլուծություն:

Նախարար Արտեմ Ասատրյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ստեղծել մի մոդել իր մեթոդաբանությամբ ու մեխանիզմներով, որի կիրառման արդյունքում ստացված նվազագույն աշխատավարձի չափը բալանսավորված կլինի և գործատուի, և աշխատողի կողմից:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Հայաստանում տարեցների կայուն զբաղվածության ապահովման և աշխատաշուկայում արդյունավետ ներառման խնդիրներին ու հնարավորություններին: Նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանի խոսքով` նախատեսվում է իրականացնել աշխատաշուկայի խորքային հետազոտություն, ամբողջական գնահատել այն աշխատատեղերը, որոնք զբաղեցված են տարեցների կողմից, ինչպես նաև տարեց անձանց աշխատաշուկայում ինտեգրման և կայուն զբաղվածության ապահովման համապարփակ գործոնները: 2018թ.  կվերանայվեն տարեցների աշխատանքին և զբաղվածությանը վերաբերող իրավական կարգավորումները, կմշակվեն սոցիալական ձեռնարկությունների արդյունավետ մոդելներ, որոնք կգործեն «պետական-մասնավոր» փոխշահավետ գործընկերության հենքի վրա և կփորձարկվեն  կոնկրետ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն տարեցների շրջանում կամավոր աշխատանքի խթանմանը:

Նախարարության աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ Արմինե Մաթոսյանն էլ ներկաներին մանրամասնել է տրանսնացիոնալ կորպորացիաների և սոցիալական քաղաքականության սկզբունքների հիման վրա ընդունված եռակողմ հռչակագիրը, որի նպատակն  է խրախուսել այն դրական ներդրումը, որ տրանսնացիոնալ կորպորացիաները կարող են ունենալ տնտեսական և սոցիալական առաջընթացի և բոլորի համար արժանապատիվ աշխատանքի իրականացման համար և նվազագույնի հասցնել ու հարթել այն դժվարությունները, որոնք կարող են առաջանալ նրանց գործունեության զանազան տեսակների իրականացման արդյունքում։

Նիստի ավարտին նախարարության համակարգում գործող Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ամփոփել է կենտրոնի 9-ամյա գործունեությունը: Նա խոսել է Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման ու կայացման, կենտրոնի անցած ճանապարհի, իրականացրած բարեփոխումների, աշխատանքների ու ձեռքբերումների, ինպես նաև հետագա անելիքների մասին:

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստի աշխատանքներին  մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, գործընկեր կողմերի և նախարարության ներկայացուցիչներ:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ