Փոխնախարար. Հրաժարվում ենք աշխատանքային հարաբերությունների կոշտ կարգավորումներից

Պաշտոնական տվյալներով Հայաստանում կա մոտ 500 հազար աշխատող և 40 հազար գործատու: Նրանց միջև առաջացած խնդիրների, աշխատանքային վեճերի վերաբերյալ քաղաքացիներից, գործատուներից, ՀԿ-ներից, ՏԻՄ-երից, փաստաբաներից, ՓՄՁ-ներից, արհմիություններից ու այլոցից ստացած դիմումների վերլուծության արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որոշել են փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում:

«Այդ դիմումները վերաբերում են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերին, աշխատավարձերին, հավելումներին, գիշերային աշխատաժամանակի ճիշտ հաշվարկմանը, արձակուրդի իրավունքի իրացմանը, համատեղությամբ աշխատելուն: Մենք այս դիմումները վերլուծում ենք, վերլուծում ենք նաև Աշխատանքի միջազգային կազմակերպությունից ստացած մեկնաբանությունները մեր կատարած աշխատանքի մասին»,-Panorama.am-ի  հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը:

Նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ վեճերի ¾-ը վերաբերում են վարձատրության հետ կապված հարցերին, երկորրդ տեղում աշխատանքային պայմանագրերի լուծման հարցերն են, հետո՝ դժբախտ դեպքերի հատուցման, աշխատողի արձակուրդի տրամադրման խնդիրներ և այլն:

Փոխնախարար Ավետիսյանը հիշեցրեց, որ միաժամանակ առկա է Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին Օրենսգրքի պահանջների համապատասխանեցման անհրաժեշտություն: Կառավարության 2017 թ. ծրագրով էլ նախատեսված է Աշխատանքային օրենսգրքի փոփոխում:  Օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ուղարկվել է  Աշխատանքի միջազգային կազմակերպությանը, սպասում են, որ երկու շաբաթից եզրակացություն կստանան:

«Միջազգային միտումն այն է, որ գնալով ազատականացվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորումները՝ ի հաշիվ աշխատողի իրավունքի պաշտպանության: Փորձ է արվում առավելապես հնարավորություն տալ, որ աշխատողն ու գործատուն բանակցությունների միջոցով փոխշահավետ լուծում գտնել»,-ասաց փոխնախարարը:

Ավետիսյանի խոսքով, որպես այդ հարաբերությունները կարգավորող մարմնի՝ նախարարությունը պետք է ստեղծի այնպիսի հնարավորություն, որ աշխատողն աշխատի հնարավորինս արտադրողական ու ստանա համարժեք վարձատրություն: Իսկ վերջինը պետք է լինի բանակցությունների, միմյանց շահերը հավասարակշռելու արդյունքը: Գործատունն ու աշխատողը պետք է բանակցեն աշխատավարձի չափի, գիշերային աշխատանքի հավելման չափի և այլ հարցերի շուրջ:

«Մենք վերանայում ենք գիշերային ու արտաժամյա աշխատանքի, ինչպես նաև ծանր ու վնասակար պայմաններում աշխատողների կարգը: Եթե այսօր գիշերային աշխատանքի համար որպես նվազագույն չափ սահմանված է 30 տոկոս, իսկ արտաժամյա աշխատանքի համար նվազագույն հավելման  չափ է սահմանված հիմնական աշխատավարձի 50 տոկոսը, ապա հիմա մենք առաջարկում ենք, որ դա որոշվի կողմերի համաձայնությամբ՝ առանց կոշտ միջամտության»,-ասաց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով, կոշտ կարգավորումները բերում են կոռուպցիոն ռիսկերի, իսկ ճկուն կարգավորումները թույլ են տալիս նվազեցնել դրանք:

Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայով անթույլատրելի է  ծանր ու վտանգավոր պայմաններում աշխատանքը: Բացառիկ դեպքերում է, երբ խարտիան թույլատրում է նման բան, երբ օբյեկտիվ պայմաններով անհնար է ապահովել նվազագույն պայմաններ անվտանգության, այդ պարագայում գործատուն պետք է կրճատի աշխատաժամանակը, տրամադրի հատուկ ընդմիջումներ, լրացուցիչ հանգիստ՝ առողջությունը վերականգնելու համար:

«Մեր օրենսգրքում դրա համար նախատեսված է 50 տոկոսի չափով հավելում, ինչը հակասում է միջազգային իրավունքին: Պետք է ոչ թե հավելում, այլ պայմանների ապահովում, որպեսզի աշխատողի ամենահիմնական՝ կյանքի ու առողջության իրավունքը պաշտպանվի»,-նշեց փոխնախարարը:

Հայաստանում քիչ աշխատատեղերի պայմաններում որքան էլ օրենսգիրքն իրավունքներ սահմանի, մարդիկ վախենում են աշխատանքը կորցնելուց ու այլ աշխատանք գտնել չկարողանալուց, կարող են աշխատանքը կատարել նույնիսկ այն պարագայում, երբ հավելավճարը քիչ է կամ չի լինում: Երբ աշխատաշուկայում առաջարկն ու պահանջարկը հավասարակշռված չեն, ապա աշխատողների իրավունքի խախտման ռիսկը մեծ է:

Փոխնախարարն ընդունում է, որ աշխատողների պաշտպանության, իրավունքների իրազեկվածության առումով անելիքները շատ են. «Շատ հաճախ նրանք իրենց իրավունքներին տեղյակ չեն, իրավագիտակցության մակարդակը բավարար չէ: Սա մեր բոլորի գործն է՝ քաղհասարակության, ԶԼՄ-ների, պետական լիազոր մարմնի, աշխատողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ու գործատուների: Սա մեկ օրվա գործ չէ: Օրենսդրական խստացումները չեն նշանակում աշխատողների իրավունքների պաշտպանության բարելավում»:

Թ. Ավետիսյանը վստահ է, որ պահանջված, որակավորում ունեցող աշխատողները կարող են աշխատանքային պայմաններ թելադրել:

«Նրանք պայմանները թելադրում են, աշխատանքային իրավունքերի խախտման դեպքում էլ փոխում են գործատուին»,-ասաց նա:

Փոփոխությունները մշակելիս նախարարությունում ուսումնասիրել են ԵՄ անդամ երկրների, հետխորհրդային երկրների փորձը: Թ. Ավետիսյանւ ներկայացմամբ, առաջարկվող փոփոխությունները միտված են լինելու աշխատողների իրավունքների պաշտպանության բարելավմանը, հանրային իրազեկմանն ու իրավագիտակցության բարձրացմանը, պետական վերահսկողության միջոցով խախտումների կանխարգելումը՝ հատկապես աշխատողների առողջության ու անվտանգության հարցերում, աշխատողների շահերը պաշտպանող ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը:

«Դատական կարգով վիճարկումը աշխատողների համար պետք է դառնա շատ հստակ ճանապարհ՝ աշխատանքային իրավունքի վերականգնման համար»,-ասաց նա:

Օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Միջազգային փորձագետների զրակացությունը ստանալուց հետո այն քննարկվելու է կառավարության, արհմիությունների, գործատուների միության ներկայացուցիչների հետ, կհրավիրվեն մասնագիտական քննարկումներ, առաջարկները կամփոփվեն, կներկայացվեն կառավարություն, ապա ԱԺ: Օրենքի ընդունումը նախատեսվում է 2018-ի ընթացքում:

 

ԿԻՍՎԵԼ