Հանդիպում նախարարությունում

«Երևանը 5 օրում» Երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին նախարար Ա. Համբարձումյանը, Հայաստանի 10 մարզերը ներկայացնող 36 երիտասարդներ, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, «Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման» ծրագրի (ՍՊՀՀԾ) ղեկավարներ, աշխատակիցներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին, պարոն Համբարձումյանը կարևորեց ծրագիրը, նշելով, որ այն երիտասարդների համար կբացի նոր հնարավորություններ, սկիզբ կդնի նոր նախաձեռնությունների: Նա ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերը, խոսեց ՀՀ կառավարության կողմից երիտասարդների հիմնահարցերի լուծմանն ուղղված քայլերի մասին:
Հանդիպման ընթացքում իրենց ղեկավարած ոլորտները ներկայացրեցին ՍՊՀՀԾ ծրագրի տնօրեն Էմմի Ռեմը, փորձագետ Ջեյն Դեյլին, նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:
Երիտասարդների հարցերը հիմնականում վերաբերվում էին աշխատանքի և զբաղվածության, մարզերի և մայրաքաղաքի համաչափ զարգացման խնդիրներին: Նրանց հետաքրքրող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Տեղեկատվություն Երիտասարդության եւ
համայնքների գործողությունների ծրագրի մասին

Երիտասարդության եւ համայնքների գործողությունների հնգամյա ծրագիրը մեկնարկել է 2004թ. սեպտեմբերին եւ իրականացվում է Կրթությամբ զարգացման ակադեմիայի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաեւ ընդլայնել համայնքների բնակիչների ներգրավվածությունը հանրային խնդիրների լուծման գործընթացում: Ներկայումս, Երիտասարդության եւ համայնքների գործողությունների ծրագիրը գործում է Հայաստանի 80 համայնքներում եւ աշխատում է 36 Երիտասարդական գործունեության ակումբների եւ 44 Համայնքների գործունեության հանձնաժողովների հետ: Ընդգրկված 1500-ից ավելի կամավորներ մինչ օրս իրականացրել են ավելի քան 1000 ծրագիր` սկսած համայնքում իրականացված շաբաթօրյակներից եւ աղբահանման ծրագրերից մինչեւ ենթակառույցների բարելավման եւ տրանսպորտի հետ կապված հարցերի կարգավորման ծրագրեր: Նրանք նաեւ հրավիրում են խոսնակներ եւ կազմակերպում տարբեր սեմինարներ ու միջոցառումներ մշակութային, սպորտային, սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական թեմաներով:

ԿԻՍՎԵԼ