«Փարոս»-ի վերջին փոփոխությունները նպաստառուների ցուցակում իրավիճակ են փոխել

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» նոր մեթոդաբանությունն իրավիճակ է փոխել նպաստառուների շրջանում, քանի որ նրանցից ոմանք կորցրին նպաստի իրավունքը, ոմանք էլ ձեռք բերեցին:

Երեւանի Աջափնյակ համայնքի բնակչուհի Գայանե Հովհաննիսյանի դստեր չափահաս դառնալը ընտանիքին զրկել էր միանգամից երկու հնարավորությունից` փողից ու կրթվելու իրավունքից: «Փարոսով ստացած 24000 դրամը, ճիշտ է, առանձնապես մի մեծ գումար չէր, բայց դրանով կենցաղում հարցեր էինք լուծում` կոմունալի, տրանսպորտի ծախս, իսկ որպես նպաստառու ընտանիք՝ աղջկաս վարձը համալսարանում զեղչվել էր 60%-ով, մնացած մասն էլ ուսանողական հիմնադրամով կարողացանք տալ: Այս տարի փետրվարին աղջիկս դարձավ 18 տարեկան, նպաստս կտրեցին: Դիմեցի սոցիալական աջակցության տարածքային բաժին, նախարարություն, ասացին՝ դե արդեն չափահաս է Ձեր աղջիկը եւ կարող է սովորելուն զուգահեռ աշխատել: Հուսահատվել էի, ախր էդ մի մատ երեխեն ոնց գնա սովորելուն զուգահեռ աշխատի ու առավոտն էլ սթափ վիճակում գա նստի դասերի»,- մեզ հետ զրույցում պատմում էր տիկին Գայանեն, ով տեսողության եւ առողջական մի շարք այլ խնդիրների պատճառով ի վիճակի չէ աշխատել:

6 ամիս անց, սակայն, օգոստոսին սոցիալական աջակցության գործակալությունից զանգահարել են կնոջը եւ ասել, որ կառավարության նոր որոշում է կայացել, նոր մեթոդաբանություն է մշակվել, որով ընտանիքի անապահովության միավորները վերահաշվարկվում են, եւ այդ միավորների արդյունքում ընտանիքը նորից ընդգրկվել է նպաստառուների ցուցակում: «Պատկերացնում եք, թե ինչ ուրախություն էր մեզ համար, ունենալ փողի հույսն էլ, ուսման վարձի զեղչն էլ»,- նոր փոփոխությունից ոգեւորված պատմում էր տիկին Գայանեն ու հավելում, որ տարածքային բաժնում իրեն բացատրել են, որ տրված հնարավորությունը անցումային մեկ տարվա համար է նախատեսված, հաջորդ եւ մյուս տարիներին դուստրն արդեն որպես չափահաս եւ աշխատունակ անձ պետք է իր ռեսուրսներն օգտագործի, որեւէ տեղ անցնի աշխատանքի:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի խոսքով՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում տեղ գտած փոփոխություններից սա միակը չէ. «Բնակչությունը գիտի, որ գրեթե ամեն տարի առնվազն մեկ անգամ ընտանիքների անապահովության գնահատման համակարգը փոփոխության է ենթարկվում, քանի որ աղքատության խորացման, աղքատությունից դուրս գալու հանգամանքները, դրան նպաստող գործոնները բազմազան են, եւ մենք խնդիր ունենք ծրագիրն առավելագույնս հասցեական դարձնելու, չէ՞ որ այն ուղղված է աղքատ ընտանիքներին, հատկապես ծրագրի հասցեականությունը մեծացնելուն»:

Պաշտոնյայի խոսքով` ընտանիքների անապահովության գնահատման կարգի մշակման աշխատանքների հիմքում ընկած է ընտանիքների աղքատացմանը նպաստող կամ աղքատությունից դուրս գալուն օգնող հանգամանքների ճշտումը եւ դրանք, որպես բնութագրիչ, օգտագործելը: Սոցիալապես խոցելի խմբերին պատկանող անձինք՝ հաշմանդամություն ունեցողները, երեխաները, կենսաթոշակառուները, տարեցները, երեխաների առանձնահատուկ խմբերն ունեն որոշակի ազդեցություն ընտանիքի աղքատության մակարդակի ձեւավորման վրա:

«Այս խմբերը խորացնում են աղքատությունը, բայց ընտանիքի անդամների թվում կան նաեւ այնպիսիք, ովքեր տնտեսապես ակտիվ են, աշխատունակ, նրանց համար աղքատությունից դուրս գալու իրական եւ արժանապատիվ ուղին աշխատանքն է: Բայց երկիրը աղքատության մակարդակի բարձր ցուցանիշ ունի՝ 30 տոկոս, ինչպես նաեւ գործազրկության բարձր մակարդակ, հետեւաբար ե՛ւ աշխատանքի տեղավորվելը, ե՛ւ աշխատանք ունենալը բավականին դժվար է, ինչն էլ այս տարի կատարված փոփոխությունների հիմնական մեխն է: Գնահատվում է այդ քաղաքացիների վարքագիծը աշխատանքի շուկայում, առանձնացվել են մի քանի խմբեր՝ մարդիկ, ովքեր ունեն ֆորմալ աշխատանք եւ ձեւակերպված են աշխատում, նրանք, ովքեր ոչ ֆորմալ՝ ստվերում են աշխատում, քաղաքացիներ, ովքեր անընդհատ փնտրում են աշխատանք, բայց չեն գտնում, ինչպես նաեւ գործազուրկների այն խումբը, որը մեր նախարարության Զբաղվածության տարածքային կենտրոնները ճանաչել է անմրցունակ»,- նշեց Աստղիկ Մինասյանը:

Նա նաեւ մանրամասնեց, որ նոր կարգով վերոնշյալ խմբերին պատկանող անձանց տարբեր անապահովության միավորներ են տրվել: Որքան բարձր է ընտանիքի անապահովության միավորը, այնքան անապահով է համարվում ընտանիքը: «Այս պարագայում ամենաբարձր անապահովության միավորը կունենա ոչ մրցունակը. մենք խրախուսում ենք ֆորմալ, այսպես կոչված՝ «ձեւակերպված» աշխատողներին: Իսկ ինչ վերաբերում է երեխա խնամող մայրերին, որոնց համար առավել դժվար է աշխատանքի տեղավորվելը, ապա նրանց տրվելիք միավորները հավասարեցվել են ֆորմալ աշխատողներին տրվող միավորներին»,- ընդգծեց պաշտոնյան:

Մեր իրականության մեջ քիչ չեն այնպիսի ընտանիքները, որոնք ունեն, այո, մեծ տուն, բակում փտող հին «Մոսկվիչ» կամ «Վոլգա» ավտոմեքենա, դրսում առոք-փառոք ապրող տղաներ, բայց չունեն ոչ մի եկամուտ կամ օգնություն պետության կողմից: Նրանք հավատում են, որ պետությունը վերջապես գնում է փողերը խնայելու ճանապարհով, ուզում է տարբերակել թացը չորից, եւ որ նոր մեթոդաբանությունը կօգնի բացահայտել իրական կարիքավորին, որպեսզի նրանց հասանելիք օգնությունը չստանան ապահով ընտանիքները:

Նախարարության կողմից մշակված վերջին փոփոխություններից մեկն էլ այն է, որ այսուհետ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվի է առնվում դրսից եկող եկամտի գործոնը: «Արդեն մեկ ամիս է, ինչ գործում է այս փոփոխությունը»,- նշում է սոցիալական աջակցության վարչության պետը` մեկնաբանելով նոր կարգը. «Կան մարդիկ, ովքեր պարտադիր պետք է ներկայացնեն դրսից եկող եկամտի չափը: Եթե ընտանիքի անդամներից մեկի ամուսինը գտնվում է Հայաստանից դուրս, հետեւաբար այն բացատրվում է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու հանգամանքով, հետեւապես ընտանիքի անդամներից մեկը, որը ներկա է եւ հաշվառված է համակարգում, պիտի հայտարարություն տա ընտանիքի միջին ամսական եկամտի մասին, որը դրսից է ուղարկվում: Սա մտնում է բանաձեւի մեջ՝ այնպես, ինչպես հողից ու անասնապահությունից ստացվող եկամուտը կամ աշխատավարձը: Սրա նպատակը չգրված, չհայտարարագրված, չհաշվառված եկամտի հայտնաբերումն է՝ հաշվի առնելով նաեւ տվյալ ընտանիքների ազնվությունն ու պարկեշտությունն իրենց երկրի նկատմամբ»: Պաշտոնյայի խոսքով՝ այստեղ միայն հայտարարություն է պետք, որեւէ փաստաթուղթ չի պահանջվում, իսկ ընտանիքի անդամի բացակայությունը ճշտվում է տնային այցելությամբ: Այս հանգամանքը հաշվի չի առնվում այն դեպքերում, երբ ընտանիքի հայրը կամ որդին երկրից բացակայում է սովորելու կամ բուժման նպատակով:

Անդրադառնալով նոր մեթոդաբանության մեջ տեղ գտած բազմազավակության գործակցին՝ Աստղիկ Մինասյանը նշել է, որ ելնելով այն բանից, որ երկրում ժողովրդագրական ցուցանիշները ցածր են, գնահատման կարգում լրացվել է նաեւ այդ գործակիցը: Այսինքն` ընտանիքում յուրաքանչյուր երեխայի հետ բարձրանում է նրա անապահովության միավորը, հետեւաբար նպաստի իրավունքի ձեռք բերման տեսանկյունից նրանք գտնվում են առավել նպաստավոր պայմաններում: «Հաշվի են առնվում նաեւ ընտանիքի ունեցած հնարավոր եկամուտները: Խոսքը վերաբերում է բնականաբար աշխատավարձին՝ այն, ինչ ֆիքսված է, հողօգտագործումից, գյուղատնտեսությունից, անասնապահությունից ստացվող եկամուտներին, կենսաթոշակներին, այլ նպաստներին՝ բացառությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի»,- ընդգծել է պաշտոնյան:

Նոր մեթոդաբանությամբ վերանայվել է անասնապահությունից ստացվող եկամտի չափի որոշման բանաձեւը: Մինչ այդ փոփոխությունը ընտանիքի համար անասնապահությունից ստացվող տարեկան եկամտից հանվում էր 150 հազար դրամը, այն հաշվի չէր առնվում որեւէ ընտանիքի համար: «Այս փոփոխությամբ գյուղերում բնակվող ընտանիքների համար նախատեսվում է, որ մինչեւ երեք անդամ ունեցող ընտանիքների համար հաշվի չի առնվելու անասնապահությունից ստացվող տարեկան եկամտից 150 հազար դրամը, իսկ 4 եւ ավելի անդամ ունեցող ընտանիքների համար չի հաշվարկվելու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 50 հազար դրամը: Օրինակ՝ 6 անդամ ունեցող ընտանիքի համար նախկինում չէր հաշվարկվելու ընդամենը 150 հազար դրամը, իսկ ներկայումս չի հաշվարկվելու 300 հազար դրամը, ինչը նպաստավոր պայման է նպաստի իրավունքի ձեռք բերման տեսանկյունից»,- վստահեցրել է Աստղիկ Մինասյանը:

Այսպիսով՝ նոր մեթոդաբանությամբ որոշակի հանգամանքների հաշվառմամբ, ընտանիքների մի խմբի համար պայմանները խստացվում են, որոշների համար՝ մեղմացվում:

Հ.Գ. Այսօր 106000 ընտանիք ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ: Աղքատ ընտանիքների շուրջ 16%-ը բողոքում է, որ նպաստ չի ստանում, իսկ 14% նպաստ ստացողները բողոքում են, թե այդ նպաստը չի բավարարում, որպեսզի նրանք դուրս գան աղքատության մակարդակից: Նախարարության մոտեցումն այն է, որ տարին մեկ վերանայվող մեթոդաբանությունը ներդաշնակություն մտցնի իրական կարիքների ու պետական գանձարանից բաշխվող աջակցության ծրագրերի միջեւ:

Աղբյուրը՝      aravot.am

ԿԻՍՎԵԼ