Վանաձորում աշխատանքի տոնավաճառում ներկայացվել է 376 թափուր աշխատատեղ

2017թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացվել է աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցել է 36 գործատու:

Գործատուների կողմից ներկայացված էր շուրջ 376 թափուր աշխատատեղ, որոնցից 311-ը՝ առկա, 65-ը՝ կանխատեսվող: Աշխատատեղերի մեջ մեծ թիվ են կազմել օտար լեզվի դասավանդողների, արդյունաբերության ոլորտում տեխնոլոգների, կարողների, բանվորական այլ մասնագետների պահանջարկը:

Լոռու մարզում 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 9.8 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.4%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 95.8%-ը կամ 9.4 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.4%-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 69.4%-ը կամ 6.5 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 24.4%-ը երիտասարդ է, 2.7%-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ: Մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից աշխատանքի տեղավորված անձինք աշխատում են հիմնականում արդյունաբերության, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ու սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում:

Վանաձորում քաղաքում 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 4353 անձ, գործազուրկների թվաքանակը՝ 4229: Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 324 անձ:

 

 

ԿԻՍՎԵԼ