Սոցիալական աշխատանքը կտարանջատվի սոցիալական վարչարարությունից. հանրային քննարկման է դրվել «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել են «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկմանը:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ վերջին տարիներին երկրում իրականացվող սոցիալական  պաշտպանության ոլորտի համակարգային բարեփոխումները վկայում են, որ մեր պետությունը հստակ և հաստատուն քայլեր է իրականացնում ՀՀ սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին և հավելել, որ ներկայում սոցիալական պաշտպանության համակարգի հետագա զարգացումն ուղիղ համեմատական է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը, քանի որ սոցիալական աշխատողն իր հմտություններով պետք է դառնա կարիքի մեջ գտնվող անձի հենարանը:

«Ես այսօր խոսում եմ ոչ միայն որպես ՀՀ ԱԺ նախագահ, այլև՝ մի մարդ, ով անմիջականորեն և գործնականում է առնչվել այս հարցին և դեռ 25 տարի առաջ ստեղծված բժշկական հաստատությունում ներդրել է սոցիալական աշխատողի ինստիտուտը, ինչի համար  շատ հպարտ եմ: Վստահ  եմ, որ «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվող դրույթները գալիս են լրացնելու հնարավոր բացերը, որոնք ապահովելու են ավելի արդյունավետ և որակյալ ծառայությունների տրամադրում՝ հիմնվելով մարդկային կապիտալի զարգացման սկզբունքների վրա»,- ամփոփելով՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով միջոցառումը, նշել է, որ այն շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում:

«Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման աշխատանքները լայն թափով ընթանում են Հայաստանի Հանրապետությունում և ներկայում մենք փորձում ենք սոցիալական աշխատանքը տարանջատել սոցիալ-վարչարարական աշխատանքից: Մենք այսօր պետք է ստեղծենք ու ձևավորենք այնպիսի միջավայր, որտեղ սոցիալական աշխատանքի միջոցով մեր քաղաքացիների խնդիրներին համալիր և համապարփակ լուծումներ կտրվեն: Այս օրենքի նախագիծը մշակվել է պետություն-մասնավոր հատված  համագործակցության արդյունքում: Ներկայումս այն դրված է քննարկման: Պետք է նշեմ, որ օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայինն է և մշակման հիմնական աշխատանքներին նախարարության աշխատակազմը ակտիվորեն մասնակցել է»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

Ամփոփելով նախարարը նշել է, որ օրենքի նախագծի քննարկումների փուլում կատարված բոլոր առաջարկությունները, մոտեցումները ի մի կբերվեն և օրենքի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են օրենքի նախագծի հիմնադրույթները, օրենքի անհրաժեշտությունը ներկա բարեփոխումների համատեքստում:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ, նախարարության պաշտոնյաներ:

ԿԻՍՎԵԼ