Բռնությունը պետք է փոխարինենք գիտակցված սիրով. Ս. Հարությունյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավ մեկնարկին, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը:

«Բռնությունը փոխարինենք սիրով: Ես կասեի գիտակցված սիրով»,-ողջունելով նախաձեռնությունը՝ իր բացման խոսքում ընդգծել է նախարարի տեղակալը:

Նա նշել է, որ ներկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որպես երեխաների իրավունքների պաշտպանության լիազոր մարմին, և իրավական ակտերի առումով և գործընթացների իրականացման առումով համապատասխան հիմքեր է ստեղծում նման երևույթների կանխարգելման ուղղությամբ:

«Արդեն ընթացքի մեջ է ընտանեկան օրենսգրքի ընդունումը, եղել են բազմաթիվ քննարկումներ, ներկայացվել են առաջարկություններ, որտեղ չափազանց կարևորվում է երեխաներին վերաբերող հարցերը, երեխաների մասնակցության ապահովումը, նրանց լավագույն շահի իրականացման համար պայմանների ստեղծումը: Բացի այդ նախարարությունը վերջին տարիներին ձեռնարկել է մեծ բարեփոխումներ երեխաների պաշտպանության ոլորտում, որի հիմնական նպատակը շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպումն է և այլընտրանքային ծառայությունների ստեղծումը»,-իր խոսքում նշել է Սոնա Հարությունյանը:

Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև վերջերս կատարած լոնդոնյան այցին, և  համեմատության մեջ նշել, որ Հայաստանը ոլորտում ունի լավագույն փորձ հատկապես ՝ ցերեկային կենտրոնների, ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոնների ստեղծման, ինչպես նաև արտակենտրոն ծառայությունների մատուցման գործում, ինչը հնարավորություն է տալիս ծնողներին սովորել ծնողավարման հմտություններ և ճիշտ աշխատել երեխաների հետ:

«Այստեղ գլխավորն այն է, որ ծնողները կարողանան հասկանալ որտեղ է վերջանում իրենց լիազորությունների սահմանը, որպեսզի չնպաստեն բռնության երևույթների առաջացմանը:

Մենք բոլորս պետք է փոխենք մեր վարվելակերպի կանոնները , մոտեցումները երեխաների նկատմամբ, քանի որ երբեմն մեզ թվում է, թե ամեն ինչ գիտենք, բայց դա այնքան էլ այդպես չէ: Դրա համար այս արշավը իսկապես կօգնի, որ ամեն մեկը նորից մտածի` արդյոք իր բոլոր գործողությունները ճիշտ են, արդյոք այդպես պետք է այդ խնդիրների լուծմանը մոտենալ:

Մեկ անգամ ևս ողջունելով այս քարոզարշավի մեկնարկը, վստահ եմ, որ այն շատ դրական ազդեցություն է ունենալու հասարակության բոլոր շերտերի վրա: Հաջողություններ եմ մաղթում Ձեր գործունեության մեջ»,-ամփոփելով ելույթը՝ նշել է նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը:

Արշավի նախաձեռնող խմբի կազմում են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող խոշոր կազմակերպություններ և կառույցներ՝ Վորլդ Վիժն Հայաստանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչությունը, ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Երեխաների պաշտպանության ցանցը, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ը, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:

 

 

ԿԻՍՎԵԼ