Սոցիալական արդարությունն ենք վերականգնել, կինը դրսում գտնվող ամուսնու եկամուտի մասին պետք է հայտարարի. նախարարության աշխատակից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փոփոխություններ են իրականացրել: «Հասցեականությունը մեծացնելու նպատակով որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել և խոսքը վերաբերում է սոցիալական խմբերին տրվող միավորներին»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ երեխաների համար տրվել է նոր գործակից և երեխաների թվով պայմանավորված ընտանիքների անապահովության միավորը որոշակիորեն բարձրանում է:  Ըստ այդմ՝ նա պարզաբանեց, որ հաշվի է առնվում ընտանիքի անդամներից մեկի` ամուսնու բացակայությունը: «Եթե նա գտնվում է այլ երկրում և բուժման կամ սովորելու նպատակով չէ, ապա ընտանիքի անդամներից մեկը հայտարարություն է տալիս նրա կողմից ընտանիքին տրամադրած միջին ամսական եկամուտի մասին»,- ասաց նա:

Վարչության պետը հարց բարձրացրեց, որ եթե այստեղ գտնվող ընտանիքի հայրը աշխատում է և այդ եկամուտը հաշվի է առնվում բանաձևում, ապա ինչն է պատճառը, որ դրսում աշխատող հոր եկամուտի հաշվի չառնվի: «Սոցիալական արդարություն ենք վերականգնել»,- ասաց նա և նշեց, որ մինչ այս էլ կար դժգոհություն, թե դրսում գտնվողները թաքցնում են եկամուտները, չեն հայտարարում:

Աստղիկ Մինասյանը նշեց, որ ֆորմալ աշխատողների աշխատավարձի վերաբերյալ համապատասխան տեղեկատվական բազայից տվյալներ ստանում են և կատարվում է տնային այցելություններ՝ պարզելու համար՝ ներկայացված պատկերը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Նա նշեց, որ դրսում գտնվող ընտանիքի հոր եկամուտի մասին պարզապես կինը պետք է սոցիալական աջակցության տարածքային բաժնում հայտարարություն ներկայացնի: «Ինքն իր ձեռքով գրելու է ամուսինս ինձ ամեն ամիս ուղարկում է այսքան գումար»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ տվյալ անձը թաքցնի և քիչ եկամուտ գրի, կամ գրի, որ ընդհանրապես չի ստանում, Աստղիկ Մինասյանը ասաց.«Հնարավոր է, ոչինչ չի բացառվում, բայց դա կլինի մի քիչ ավելին, քան հիմա, որ ընդհանրապես որևէ բան չեն հայտարարում: Նորմալ աշխատելու պարագայում անգամ չեն հայտարարում աշխատավարձը, վստահաբար իմանալով, որ միևնույնն է հայտնաբերվելու է»,-ասաց նա և նշեց, որ փորձում են միջոց գտնել հասցեական ծրագիր իրականցնելու համար:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ձևական բնույթ չի կրում այս փոփոխությունը, նա ասաց, որ ժամանակը ցույց կտա՝ դա ձևական է, թե ոչ: «Չեմ կարծում, թե ձևական է, մենք մեր ժողովրդի մասին ավելի լավ պետք է մտածենք: Եթե մարդ ստանում է եկամուտ, ուրեմն կգա կհայտարարի»,- ասաց նա:

 

 

ԿԻՍՎԵԼ