Նոր համակարգի գործարկումը կնպաստի առցանց դիմումի միջոցով ծննդյան նպաստ ստացողների թվի աճին. Ա. Ասատրյան

Այսուհետ,  ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ տարածքային մարմնում երեխայի ծնունդը գրանցելիս քաղաքացուն միաժամանակ հնարավորություն կընձեռվի լրացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու մասին դիմումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 8-ին մասնակցելով երեխայի ծննդյան նպաստի տրամադրման գործընթացը հեշտացնող համակարգի շնորհանդեսին` կարևորել է երկու մարմինների միջև համագործակցությունը, քանի որ քաղաքացին այցելելով մեկ մարմին՝ տվյալ դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին, հնարավորություն է ստանում տեղում առցանց դիմում ներկայացնել և դրա հիման վրա իրացնել իր սոցիալական իրավունքը:

«Երեխայի ծննդյան նպաստի առցանց դիմումի միջոցով վճարումը մենք գործարկել ենք 2017թ. հունվար ամսից և բազմիցս առիթ ունեցել ենք համակարգը հանրությանը ներկայացնելու: Պետք է նշեմ, որ առաջին 8 ամսիների ընթացքում դիմումների 50 տոկոսը՝ շուրջ 12 000 քաղաքացիներ, երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստացել են  առցանց դիմումի միջոցով` առանց տարածքային կենտրոն այցելելու և առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու: Այս նոր համակարգի գործարկումը, վստահ եմ, որ կնպաստի առցանց դիմումի միջոցով նպաստ ստացողների թվի աճին»,-ասել է նախարարը:

Նախարարը նշել է, որ առաջիկայում ընդլայնվելու է էլեկտրոնային ծառայությունների շրջանակը և ստեղծվելու է համակարգ, որը թույլ կտա 3-րդ և հաջորդ երեխաների ծննդի դեպքում  նպաստները նշանակվեն և վճարվեն առցանց դիմումների հիման վրա: Այս համակարգի գործարկումը նախատեսվում է   2018թ.   հունվարի 1-ից:

«Ուզում եմ նշել, որ նախատեսում ենք թաղման նպաստները ևս դարձնել առցանց դիմումների հիման վրա՝ քաղաքացիների համար մեծացնելով ծառայությունների մատչելիությունը   և, ամենակարևորը, քաղաքացու՝ մեկ այցելությամբ նրան տրամադրել թաղման նպաստի հետ կապված բոլոր ծառայությունները»,-նշել է Արտեմ Ասատրյանը:

Ամփոփելով՝ նախարարն ընդգծել է, որ էլեկտրոնային ծառայությունները քաղաքացիների համար պետք է դառնան առավել մատչելի և հասցեական. «Այս գործընթացը շարունակական է լինելու: Կատարված աշխատանքների համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Արդարադատության նախարարության, միջազգային կազմակերպությունների մեր գործընկերներին և, իհարկե, սոցիալական ապահովության պետական ծառայության մեր աշխատակիցներին: Վստահ եմ՝ այս կարևոր ներդրումը մեր քաղաքացիների կյանքն ավելի կթեթևացնի»:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նույնպես կարևորելով նախաձեռնության իրականացումը, նշել է, արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակի խնայողությանը:

 

 

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ