Նախարար Ասատրյանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 25-ին «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի շրջանակներում պատասխանել է ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերին հուզող հարցերին:

Անդրադառնալով հաշմանդամության սայլակների տրամադրման վերաբերյալ հարցին՝ նախարար Ասատրյանը տեղեկացրել է, որ սայլակների տրամադրումն այսուհետ լինելու է հավաստագրերով:

«Այս ոլորտում համագործակցող հասարակական կազմակերպությունների հետ մեր վերջին քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ  պետք է անցնենք հավաստագրերի տրամադրմանը, այսինքն՝ հավաստագիր, որն իր մեջ գումար է պարունակում, և քաղաքացին հնարավորություն կունենա ընտրելու իր համար անհրաժեշտ սայլակը »,-ասել է նախարարը:

Հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին խոսելիս, նախարարը նշել է, որ առաջիկայում այն հիվանդությունների դեպքում, որոնք անդառնալի կորստի են բերել` այսինքն որևէ ֆունկցիայի կենսագործունեության սահմանափակման, հաշմանդամության խումբ կտրամադրվի փաստաթղթային փորձաքննությամբ: «Մեր վերլուծությունների գնահատմամբ, դա կազմելու է փորձաքննությունների 30-40%-ը, այդ պարագայում ուղղակի որևէ այլ գործողություն հնարավոր չի լինի անել, որովհետև եթե կա հստակ պատկեր, ապա պետք է լինի հստակ որոշում»,-ընդգծել է նախարարը

Ըստ նախարարի` այս մոտեցումը էականորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն այդ ոլորտում և կկանխարգելի «այլ գործողություններ» կյանքի կոչելը:

«Ընդհանրապես այս ոլորտում կոռուպցիայի վերացման կամ նվազեցման գործում կարծում եմ` բոլորս մեր դերակատարումը պետք է ունենանք: Բոլորս գիտակցում ենք, որ դա չի կարող միայն մեկ մարմնի գործողություններով պայմանավորված լինել, սակայն հասկանում ենք նաև, որ օրենսդրական խնդիրներ ունենք` որոշում կայացնող անձը չպետք է իրավունք ունենա միանձնյա որոշումներ կայացնել: Քաղաքացիներն էլ իրենց հերթին պետք է հստակ հասկանան` իրենց տրված խումբը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ»,-ասել է նախարարը:

Նախարարի հավաստմամբ` քաղաքացիները բողոքարկման, ինչպես նաև հանձնաժողովի խմբում իրենց նախընտրած բժշկի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցչի ներգրավածության հնարավորություն ունեն, որից պետք է ակտիվորեն օգտվեն:

Անդրադառնալով անապահովության գնահատման համակարգի վերանայման և ոլորտի գումարները կենսաթոշակներին հատկացնելու հարցին, նախարար Ասատրյանը նշել է.

«Մենք կենսաթոշակ տրամադրում ենք կենսաթոշակի իրավունք ձեռք բերած մեր այն քաղաքացիներին, ովքեր ունեն համապատասխան ստաժ կամ հաշմանդամություն: Իսկ «Փարոս» համակարգով կամ անապահովության համակարգով գնահատվում է այն ընտանիքների անապահովությունը, որոնք դիմում են՝ համարելով, որ իրենք անապահովության շեմին են և պետության աջակցության կարիքն ունեն»,-ասել է նախարարը:

Ըստ նրա՝ իրականացվում է կարիքների գնահատում, և դրա շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվում այնպիսի ընտանիքների, որտեղ կենսաթոշակառուներ չկան:

«Այլ է խնդիրը, որ այն ընտանիքներում, որտեղ որ մենք չենք տեսնում եկամուտները, ունենում ենք շեղումներ: Այսինքն՝ մենք ունենում ենք մի իրավիճակ, որտեղ անապահով կարող են համարվել համակարգով, իրականում՝ ապահովված լինել և հակառակը՝ շատ անապահով ընտանիքներ դուրս մնան ծրագրից»,-պարզաբանել է Արտեմ Ասատրյանը՝ միաժամանակ նշելով, որ ներկայում ամբողջությամբ վերանայվում է համակարգի մեթոդաբանությունն ու մոտեցումները:

Նորմա՞լ է, երբ քաղաքացուն առաջարկում են 60-80 000 դրամ աշխատավարձ և պահանջում 6 օրյա գրաֆիկով աշխատելու հարցին, նախարարը նշել է, որ մասնավոր կազմակերպությունների կողմից տրվող աշխատավարձերի չափին պետությունն իրավունք չունի միջամտել,  միայն կարող է սահմանել նվազագույն աշխատավարձի չափ:

Նախարարի հավաստմամբ` այս առումով մասնավորի վրա ներգործելու միջոցներ նախարարությունը չունի, և միակ ձևն ուղղակի նվազագույն աշխատավարձ սահմանելն է:

«Սակայն մենք նախատեսում ենք էլեկտրոնային աշխատանքային բորսա ստեղծել, որը ներառել ենք կառավարության նոր ծրագրում: Այն, բացի աշխատաշուկայում մրցունակ անձանցից, ոչ մրցունակներին էլ հնարավորություն կտա աշխատաշուկայի կարիքների հետ ծանոթանալ և աշխատանք գտնել: Իրականում աշխատաշուկայում պահանջարկն է ձևավորում աշխատավարձերը: Մենք պետք է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնենք և նպաստենք, որ արտադրողականության բարձրացման միջոցով աշխատավարձերի բարձրացման հասնենք»,-ընդգծել է նախարարը:

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք իրավունքների խախտում չէ այն, որ մեր օրերում աշխատանքի են հրավիրվում մինչև 35 տարեկան բարետես արտաքինով կանանց, նախարարը պատասխանել է` հարցադրումը տեղին է.«Աշխատանքային օրեսնգրքով էլ սահմանված է, որ որևէ ձևաչափով չի կարող խտրականություն դրսևորվել` կապված տարիքի, սեռի կամ ընտանեկան կարգավիճակի հետ: Սակայն վարչական մարմին, որն ուղղակի կվերահսկի այս օղակը, չկա, բայց եթե քաղաքացին գտնում է, որ ոտնահարվել է իր իրավունքը, դատարանի միջոցով հնարավորություն ունի խնդրին լուծում տալ»:

Անդրադառնալով կենսաթոշակային խնդիրներին, և թե քանի աշխատող պետք է պահի մեկ քաղաքացին՝ նախարարը նշել է, որ բեռնվածության գործակիցը բավականին բարձր է՝ մեկ աշխատող-մեկ կենսաթոշակառու հարաբերակցությամբ, իսկ կենսաթոշակների, ինչպես նաև բոլոր ծախսային ծրագրերի վճարումներն իրականացվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից:

Նախարար Արտեմ Ասատրյանը ֆեյսբուքյան ասուլիս շրջանակներում պատասխանել է նաև սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող շատ այլ հարցերի:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ