Վերանայվում են անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 13.07.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել անապահովության գնահատման մեթոդաբանությունն ու մոտեցումները արմատապես վերանայելու նախագիծը, որն ուղղված է ընտանիքի յուրաքանչյուր աշխատու­նակ անդամի զբաղվածության ապահովմանն ու պետական սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացմանը:

«Ընտանիքների անապահովության գնահատման կարգի փոփոխությունների հիմքում դրվել են արմատապես նոր մոտեցուﬓեր: Նախատեսվում են՝ կարգում հնարավորինս ներառել տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքի շուկայում ունեցած վարքագծի գնահատականները՝ դրանով խթանելով աշխատանքային գործունեություն ծավալելու իրենց ցանկությունը, երեխա ունեցող ընտանիքների անապահովության գնահատման հարցում երեխաների առկայության հանգամանքի կշռի ավելացում` դիտարկելով նման ընտանիքներին աղքատության տեսանկյունից ավելի ռիսկային»,- ասել է նախարարը:

Նախարարի խոսքով՝ դրվելու է 4 կատեգորիա՝ չաշխատող անձ, աշխատանք փնտրող և գործազուրկ անձ, առանձին խմբի գործազուրկ անձ, որն անաշխատունակ է, և աշխատող անձ, որի մեջ է մտնելու նաև երեխա խնամող մայրը:

Նոր փոփոխությամբ առաջարկվում է նաև միջանկյալ կարգավիճակ 18-19 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք սովորաբար նպաստից զրկվում են, քանի որ երեխան արդեն չափահաս է դառնում: Տվյալ դեպքում միավորի շրջանակը կմեղմվի, որի ընթացքում երեխային հնարավորություն կտրվի աշխատելու կամ որևէ այլ կատեգորիայում հայտնվելու:

Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է նաև, որ կանոնակարգումներ են իրականացվելու կադաստրի բազայում, և ձևավորվելու է ընտանիքների անդամների գրանցվելու կամ գրանցումից դուրս գալու համար էլեկտրոնային միասնական հարթակ: Ներկայում խնդիրն այն է, որ շատ ընտանիքներում անդամները  գրանցված են լինում, սակայն նույն վայրում չեն բնակվում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե երբ են սկսվելու միասնական էլեկտրոնային հարթակի  ձևավորումը: «Արդեն սկսել ենք գործընթացները,   հիմա նաև IBM-ի հետ ենք  սկսել  աշխատանքները, և երկու ամսվա ընթացքում կունենանք էլեկտրոնային սոցիալական ծառայության գնահատականը, դրա նպատակները, ամբողջական պատկերը»,-ի պատասխան ասել է Արտեմ Ասատրյանը:

 

 

ԿԻՍՎԵԼ