Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է 2016թ. սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 29-ին քննարկվել է «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում նախատեսել էր իրականացնել 97 ծրագիր, որոնք ամբողջությամբ իրականացվել են և ֆինանսավորվել, կատարողականը կազմել է 99,5 տոկոս: Ծրագրերի իրականացման համար, ինչպես և նախատեսված է եղել, հատկացվել է 360 մլրդ դրամ: Ֆինանսական միջոցներ են հատկացվել նաև պահուստային ֆոնդից: Փոխնախարարի խոսքով՝ բյուջետային դասակարգման սոցիալական պաշտպանություն բաժնին ընդհանուր առմամբ հատկացվել է պետական բյուջեի ընդամենը 27,4 տասնորդական տոկոսը կամ համախառն ներքին արդյունքի 7,8 տասնորդական տոկոսը:

Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտներում հաշվետու տարում իրականացված ծրագրերը, առաջիկա անելիքներն ու խնդիրները, պատասխանել պատգամավորների հարցերին:

Ըստ Արտեմ Ասատրյանի՝ նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի միջոցով շուրջ 367 միլիարդ դրամի ծրագրեր են իրականացվել: «Այստեղ ես կուզեի հատկորոշել, որ  360 միլիարդից շուրջ  350 միլիարդ դրամը, դրանք դրամական վճարումների տեսքով տրանսֆերտներն են բնակչությանը՝ կենսաթոշակներ, նպաստներ տարբեր տեսակի, պարգևավճարներ, պատվովճարներ:  Այսինքն՝  ոլորտին հատկացվող միջոցների շուրջ 95 տոկոսը դրանք սոցիալական  տրանսֆերտներ են, որոնք տրամադրվում են 1 միլիոն 200 հազար քաղաքացիների: Այս համատեքստում հիմնական խնդիրը ձևակերպված է՝ դա 1 դրամի առավելագույն արժեք ապահովելու սկզբունքն է, այսինքն՝ հասցեականության մեծացում, որպեսզի միջոցների տրամադրումը ուղղված լինի դրա կարիքն իրականում ունեցողներին»,-ասել է նախարարը:

Այնուհետև նախարարն, ըստ ոլորտների, ներկայացրել է իրականացված ծրագրերը: Աշխատանքի և զբաղվածության ոլորտում հատկացվել է 2 միլիարդ դրամ, որի շրջանակներում տարվա ընթացքում իրականացվել են զբաղվածության ակտիվ 1 տասնյակից ավելի ծրագրեր: 2016թ. ընթացքում ծրագրերում փաստացի ընդգրկվել են 13 000 անձ և դիտարկվող ժամանակահատվածում տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված են դարձել աշխատանք փնտրող 17470 անձ, որոնցից 7640 ապահովվել է սեզոնային աշխատանքով, 280-ը՝ այլ աշխատանքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տարածքային կենտրոնների միջոնորդությամբ զբաղված անձանց թիվն աճել է 17 տոկոսով:

«Ըստ էության զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում հիմնական շեշտադրումը դա աշխատունակ տարիքի անձանց ոչ թե պասիվ ծրագրերի մեջ ընդգրկելն է, այլ զբաղվածության ակտիվ ծրագրերի ընդգրկման միջոցով 3 ուղղություններով զբաղվածություն ապահովելն է՝ կայուն զբաղվածություն ապահովող ծրագրեր, ժամանակավոր զբաղվածություն ապահովող և ինքնազբաղվածություն ապահովող: Իհարկե, տարվա ընթացքում օրենսդրական փոփոխությունների միջոցով փորձել ենք նաև այն ծրագրերը, որոնք ունեն կարգավորման, շտկման, ավելի թիրախավորման կարիք, արդյունքում օրենսդրական փոփոխություններ են ներկայացրվել Ազգային ժողով»,-նշել է նախարարը:

Հաջորդ ոլորտը կենսաթոշակային ապահովության ոլորտն է:, 2016թ. կենսաթոշակային ոլորտում իրականացված միջոցառումները ուղղված են եղել շահառուներին մատուցվող ծառայությունների հասցեականության և մատչելիության բարձրացմանը, որակի բարելավմանը, այդ թվում, էլեկտրոնային ծառայություններ ներդնելուն, ընդլայնելուն՝ նշանակման և վճարման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու միջոցով: «Կուզեի նշել նաև, որ մենք օրենսդրական փոփոխության միջոցով 2016թ. հունվարի 1-ից ներդրեցինք մայրության նպաստ նոր ծրագիրը և 2016թ. լրացուցիչ շուրջ 30 000 շահառուներ ընդգրկվեցին ծրագրի մեջ: Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին վճարվեց գումար՝ 126 000 դրամի չափով»,-ասել է նախարարը:

2016թ. ապրիլի 1-ից 50-140 տոկոսով բարձրացվել են Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում (այդ թվում` Աֆղանստանում) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցների (ովքեր հաշմանդամ չեն ճանաչվել) պարգևավճարների չափերը: «Այս միջոցառումը մենք հնարավորություն ենք ունեցել իրականացնել համակարգում  ներքին խնայողությունների հաշվին: Այս պրակտիկան վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից հետևողականորեն իրականացվում է, այսինքն տարվա ընթացքում հասցեականության մեծացման շրջանակներում ձևավորված միջոցները վերաբաշխվում են որոշակի կատեգորիաների անձանց  վճարվող սոցիալական տրանսֆերտների գումարների չափերի բարձրացմանը: Եվ, հատկապես, վերջին տարիներին հիմնական մեր շեշտադրումը եղել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողների պարգևավճարների ու պատվովճարների չափերի շարունակական բարձրացմանը»,-ընդգծել է Արտեմ Ասատրյանը:

Անդրադառնալով ոլորտում օրենսդրական փոփոխություններին՝ նախարարը նշել է, որ պարզեցվել է  առաջին խմբի հաշմանդամին և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակվող կենսաթոշակ կամ երեխայի ծննդյան միանվագ, չաշխատող անձի մայրության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, ըստ որի՝ դրանք շահառուի հաշվառման տարածքային բաժին կարող է ներկայացնել  նաև այլ անձ:

«Համապատասխան փոփոխություն իրականացրեցինք տեղեկատվական համակարգերում և մենք հնարավորություն ընձեռեցինք մեր քաղաքացիներին, անկախ իրենց հաշվառման վայրից, դիմել սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ իրենց երեխայի ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի, չաշխատող անձին մայրության նպաստի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու իրավունքը իրացնելու նպատակով: Դա նշանակում է, որ քաղաքացիները պարտադրված չեն անպայման դիմել հատկապես այն տարածքային կենտրոն, որտեղ հաշվառված են ըստ բնակչության պետական ռեգիստրի»,-ընդգծել է նախարարը:

Հաջորդ կարևոր քայլը, ըստ նախարարի, դա առցանց դիմումի համակարգի ներդրումն էր և 2017թ. հունվարի 1-ից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում երեխայի ծննդյան  միանվագ նպաստի համար դիմումը 1-ին և 2-րդ երեխայի ծնունդի դեպքում հնարավորություն է տրվում ներկայացնել առցանց եղանակով, առանց տարածքային բաժին այցելելու: Նշված ժամանակահատվածում շուրջ 10 000 դիմողների 80 տոկոսը դիմել են այս նոր համակարգի  միջոցով:

«Մենք իրականացրեցինք համապատասխան քարոզչական աշխատանք,  որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն  այդ իրավունքի իրացման հնարավորությանը և կարծում եմ՝ սա շատ լավ ու դրական օրինակ է նաև այն առումով, որ մենք, հնարավորինս, փորձում ենք ձերբազատվել քաղաքացի-պետական պաշտոնյա շփումներից: Այս առումով, այն բոլոր դեպքերում, երբ քաղաքացին ներկայանալու կամ սոցիալական դեպք վարելու անհրաժեշտություն չկա, փորձելու ենք աստիճանաբար բոլոր ծառայությունները դարձնել առցանց ձևաչափով հասանելի: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում 3-րդ և հաջորդ երեխաների համար տրվող ծննդյան նպաստի, մինչև 2 տարեկան երեխաներին տրվող նպաստների՝ առցանց համակարգով նշանակումներին և վճարումներին»,-նշել է Արտեմ Ասատրյանը:

Նախարարը կարևորել է նաև 2016թ. Ազգային Ժողովի կողմից ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան 2017թ. հունվարի 1-ից, որով նախատեսվեցին ու սահմանվեցին, որ ավել վճարված կենսաթոշակի գումարները ՀՀ պետական բյուջե են վերականգնվում (վերադարձվում, բռնագանձվում), եթե դրանք կենսաթոշակառուին վճարվել են սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում: Նախարարի խոսքով՝ նախկինում նման կարգավորում չկար, ինչը հանգեցնում էր մի շարք խնդիրների առաջացմանը:

Մյուս դրույթը, որ ամրագրվեց օրենքով, ավելի վճարված կենսաթոշակի գումարների հետգանձումն է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցից, ում մեղքով (գործողությունների կամ անգործության հետևանքով) վճարվել են կենսաթոշակի ավել գումարներ: «Այս պրակտիկան առաջին անգամ ենք օգտագործում, եթե կենսաթոշակառուի կամ դիմող անձի կողմից որևէ սխալմունք չի եղել կամ դիտավորություն կամ որևէ կեղծ փաստաթուղթ չի ներկայացվել, բայց որոշում է կայացվել, ապա դա տարծքային բաժնի աշխատակցի սխալն է, և այս դեպքում, հետգանձման պարտավորությունը չպետք է դրվի կենսաթոշակառուի կամ շահառուի վրա: Այս առումով սկսելու ենք ուսումնասիրություններ, ամբողջական պատկերն ունենալու համար, որպեսզի կարողանանք բարձրացնել նաև մեր աշխատակիցների պատասխանատվությունը»,-շեշտել է նախարարը:

Նմանատիպ փոփոխություններ իրականացվել են նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում, որոնք ուժի մեջ են մտել 2017թ. հունվարի 1-ից:

Անցնելով թվային տվյլաների ներկայացմանը՝ Արտեմ Ասատրյանը նշել է, որ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված է 534537 կենսաթոշակառու և նպաստառու (ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնողի դեպքում նպաստներ ստացող), որից 466170-ը` աշխատանքային կենսաթոշակառու (կենսաթոշակի միջին չափը` 40,353 դրամ):

Հաջորդ ոլորտը, դա սոցիալական աջակցության ոլորտն է, որտեղ իրականացվում է անապահովության գնահատման համակարգի միջոցով ընտանեկան և սոցիալական նպաստների տրամադրումը: «Շուրջ 106 000 ընտանիքներ տարվա ընթացքում ընդգրկվում են այդ համակարգում և փաստորեն անապահովության գնահատման ուղղակի մեթոդաբանության հիման վրա որոշելով անապահով ընտանիքներին՝ տրամադրվում են դրամական միջոցներ: Շուրջ 80 000 ընտանիքներ, որոնք հիմնականում երեխաներ ունեցող ընտանիքներն են, ստանում են ընտանեկան նպաստներ` միջին չափով 31350 հազար դրամ: 26 000 ընտանիքները՝ դրանք երեխաներ չունեցող կամ միայն չափահաս անձանցից բաղկացած ընտանիքներն են, որոնք ստանում են սոցիալական նպաստներ: Այստեղ ես հատկապես կարևորում եմ նոր մեթոդաբանության ներդրման աշխատանքները: Կառավարության կողմից որդեգրած քաղաքականության համաձայն՝ ներկայումս իրականացվում են աշխատանքներ, որպեսզի մենք փոխենք մեթոդաբանությունը, և ընտանիքներում, որտեղ կան աշխատունակ անձինք, հնարավորինս նվազեցնենք նպաստի տրամադրումը, և այդ անձանց համար իրականացնենք բացառապես զբաղվածության ակտիվ ծրագրեր»,-ընդգծել է նախարարը` միաժամանակ նշելով, որ նպաստ համակարգի միջոցով աղքատության վերացում որպես այդպիսին հնարավոր չի ունենալ, քանի որ նպաստներն ուղղակի մեղմացնում են այդ ընտանիքների սոցիալական խնդիրները:

«Միևնույն ժամանակ այս համակարգում իրականացվող   փոփոխությունները վերաբերում են աստիճանականության սկզբունքի ներդրմանը: Մենք փորձ ենք արել փոխել այն մոտեցումը, որ 30.01 միավոր ունեցող ցանկացած ընտանիք ստանում է այն բոլոր արտոնություններն, որոնք տրամադրվում են, իսկ դրանից ընդամենը 1 հարյուրերորդական միավոր պակաս ունեցող ընտանիքին այսօր աջակցություն չի տրամադրվում: Այս առմով առաջին քայլը, որ արեցինք, դա էլեկտրաէներգիայի և գազի սպառման համար մեղմացված սակագինն է, որ պետք է վճարեն սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 20.00 միավորից բարձր անապահովության միավոր»,-շեշտել է նախարարը:

Հաջորդող քայլերը վերաբերելու են առողջապահությունից անվճար օգտվելու, կրթությունից օգտվելու դրամական նպաստներ ստանալուն: Ըստ նախարարի, չափազանց կարևոր է, որ ամեն գնով 30.01 միավոր ձեռք բերելու մղում չառաջանա բոլոր արտոնություններից օգտվելու համար, ինչն իր հերթին բերում է կոռուպցիոն ռիսկերի դրսևորմանը:

Ավանդների ծրագրի մասով նախարարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում շուրջ 8000-ից ավել անձինք ստացել են ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում: Ծրագիրն իրականացվում է 3 ուղղություններով՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31 ծնված տարեցներ, ազատամարտիկներ՝ անկախ տարիքից և սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներ:

Հաշմանդամների և տարեցների ոլորտում իրականացված ծրագրերը վերաբերել են նոր մեթոդաբանության և համակարգի ներդրմանը: «Այստեղ մենք առարկայացրել ենք ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների հիման վրա հաշմանդամության սահմանման մեթոդաբանությունը, որով կսահմանվի ոչ միայն հաշմանդամությունը, այլ նաև՝ տարանջատելով հիվանդություն ունեցող անձին, անհատական վերականգնողական ծրագրերով ապահովումը: Փորձնական ծրագրեր արդեն իսկ իրականացվել են: Զուգահեռաբար իրականացվում են նաև համակարգի անհրաժեշտ ինստիտուցիոնալ աշխատանքները»,-նշել է նախարարը:

Տարեցների բնագավառում իրականացվող աշխատանքները հիմնականում վերաբերում են տնային պայմաններում խնամքին և ընդհանրապես ոլորտում առկա խնդիրների հետևողական լուծմանը:

Երեխաների ոլորտում նախարարը կարևորել է իրականացվող քաղաքականությունը, որի նպատակը շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումն է և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը:

«Այս դեպքում ընտանիքների ամրապնդման ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի երեխաները սոցիալական խնդիրներից ելնելով, չհայտնվեն հաստատություններում: Առաջիկայում, մեր միջազգային գործընկերների հետ միասին, նախատեսել ենք իրականացնել ծրագրեր, և այս տարվա ընթացքում արդեն մի շարք հաստատություններ վերափոխվելու են ընտանիքի և երեխաների աջակցման կենտրոնների: Արդյունքում, երեխաները կմնան ընտանիքներում և կստանան համապատասխան ծառայություններ, իսկ ընտանիքների ամրապնդման ծրագրերը կիրականացվեն այնքան ժամանակ, մինչև լուծվեն ընտանիքի խնդիրները»,-նշել է Արտեմ Ասատրյանը:

Նախարարը կարևորել է նաև մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրումը, որի հիմնական նպատակը պետական բյուջեյով իրականացվող ծրագրերի համար անձնագրերի, ցուցանիշների մշակումն է, ծրագրերի հստակ նպատակի ձևակերպումը, որպեսզի ծրագրային արդյունքները դառնան չափելի և հասցեական: «Կատարված աշխատանքներ ունենք արված, այս տարվա ընթացքում արդեն ունենք մի քանի գնահատված ծրագրեր, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքէջում, որտեղ կարող եք գտնել մոնիթորինգի արդյունքում արձանագրված խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը: Մոնիթորինգի և գնահատման համակարգի ամբողջական ներդրումը նախատեսվում է իրականացնել 2018թ. վերջին:

Նախատեսում ենք ձևավորել սոցիալական ծառայությունների էլեկտրոնային ամբողջական համակարգ էլեկտրոնային կենսաթոշակ համակարգի հենքի վրա, կամ դրա օրինակով: Այդ նպատակով համագործակցում ենք IBM կազմակերպության հետ և նախատեսում ենք, որ առաջիկայում կունենանք համակարգի ամբողջական նկարագրություն, և դրա հիման վրա կիրականանցնենք էլեկտրոնային սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը, որն, ըստ էության, բոլոր խնդիրների լուծման համար կարևորագույն և անհրաժեշտ գործիք է»,-ամփոփելով ելույթը՝ նշել է նախարարը:

Այնուհետև նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, ովքեր մասնավորապես հետաքրքրվել են ծրագրերի շարունակականությամբ, տարեցների, երեխաների խնամքի հաստատությունների գործունեությամբ: Նրանք բարձրացրել են այդ հաստատությունների ծախսերի, նվիրատվությունների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը վերաբերող հարցեր:

 

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ