Տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցների ամառային ուխտագնացությունները մեկնարկել են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է իր ծառայություններից օգտվողների առօրյան լեցուն դարձնել՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ ու շրջագայություններ:

2017 թվականի ամառային ուխտագնացությունների շարքը սկսվել է հունիսի 11-ին: Նոր Նորք վարչական շրջանի տարեցները այցելել են Գեղարդի վանական համալիր ու Գառնու հեթանոսական տաճար: Նրանց համար Գեղարդում անցկացվել է օրհնության հատուկ կարգ, տարեցները կատարել են մոմավառություն, շրջել գեղատեսիլ բնության գրկում և իրենց հանգիստը անցկացրել Գառնու ձորում:

Ուխտագնացության նախօրեին Արաբկիր բժշկական կենտրոնում կազմակերպության սպասարկվող տարեցների համար կազմակերպվել էր լսողության ստուգման բարեգործական ակցիա, որին մասնակցել է շուրջ 150 սպասարկվող: Ծրագիրը ներառում էր աուդիոմետրիայի անցկացում, իսկ լսողական ապարատի անհրաժեշտության առկայության դեպքում, տարեցները ցուցակագրվել են աշնանը անվճար լսողական ապարատ ստանալու համար:

Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը իրականացնում է Երևան քաղաքում բնակվող տարեց և հաշմանդամություն ունեցող 1500 անձանց տնային խնամքը: Կենտրոնի նպատակը տնային պայմաններում տարեց և հաշմանդամ անձանց սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և կենցաղային սպասարկման կազմակերպումն է, խնամքի իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելն է:

 

ԿԻՍՎԵԼ