ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը 2007 դեկտեմբերի 11-12-ին Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երեխաների վերաբերյալ հանդիսավոր լիագումար նիստին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը 2007 դեկտեմբերի 11-12-ին Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երեխաների վերաբերյալ հանդիսավոր լիագումար նիստին:
Նիստին մասնակցում էին աշխարհի 140 երկրների պատվիրակություններ և երեխաներ:
Իր ելույթում պրն. Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումները, ձեռքբերումները և առկա խնդիրները: Կլոր սեղան-քննարկումներին հանդես եկան նաև պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաբլոյանը և ՀՀ ոստիկանության անչափահասների բաժնի պետ Ն. Դուրյանը, որոնք ներկայացրեցին «Առողջ կենսաձևի ամրապնդում և պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ» և «Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու և երեխաներին չարաշահումից, շահագործումից ու բռնությունից պաշտպանելու մասին» զեկուցումները:
Նիստն ընդունեց հռչակագիր, որտեղ արձանագրված են երեխաների հիմնախնդիրների ոլորտում վերջին տարիների ձեռքբերումները և դեռևս գոյություն ունեցող խնդիրները: Որպես այդպիսիք շարունակում են առաջնահերթ մնալ աղքատությունը, սննդի անբավարարությունը, հիվանդությունները, կրթության անհասանելիությունը, բռնությունը, շահագործումը:
Նիստի մասնակիցները հայտարարեցին «Աշխարհ երեխաների համար» հռչակագրի և Գործողությունների ծրագրի իրականացման համար ջանքերը կենտրոնացնելու իրենց քաղաքական մտադրությունը:
-Մեր բոլոր քաղաքականություններն ու ծրագրերը պետք է խթանեն ծնողների, ընտանիքի, հասարակության պարտականությունները երեխաների խնդիրները լուծելու ուղղությամբ, հաշվի առնելով, որ երեխան պետք է մեծանա անվտանգ և աջակցող միջավայրում: Որպես առաջնահերթություն ընդունելով երեխաների իրավունքները, նրանց պաշտպանությունն ու զարգացումը, մենք հոգ ենք տանում ողջ մարդկության համար: Համերաշխությամբ մենք կհասնենք բոլոր հասարակություններում բոլոր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու ընդհանուր նպատակին, – այսպես է ավարտվում հռչակագիրը:

ԿԻՍՎԵԼ