«Վերջ բռնության կանանց նկատմամբ» քարոզարշավի մեկնարկ

2007 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Վերջ բռնության կանանց նկատմամբ» քարոզարշավի մեկնարկն ազդարարելու նպատակով: Եվրոպայի խորհուրդը 2007թ. հայտարարել է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի տարի: Այդ կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2006թ. հունիսի 21-ին ընդունել է «Կանանց նկատմամբ բռնությունների, այդ թվում ներընտանեկան բռնության դեմ պայքարի արշավի մասին» փաստաթուղթը: Արշավին արդեն միացել են ԵԽ անդամ մի շարք երկրներ: Հայաստանի Հանրապետությունը ևս միանում է այդ արշավին` «Վերջ բռնության կանանց նկատմամբ» կարգախոսով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող քարոզարշավի նպատակն է.

  • ճեղքել լռությունը և բարձրացնել իրազեկվածությունն այն մասին, որ կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների ոտնահարում է, և որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պայքարի այդ բռնության դեմ,
  • քաղաքական կամք ցուցաբերել` համապատասխան միջոցներ տրամադրելով կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու գործում հստակ արդյունքներ արձանագրելու համար,
  • խթանել կանանց նկատմամբ բռնությունը վերացնելուն և կանխելուն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումն անհրաժեշտ օրենքների և գործողությունների ծրագրեր ընդունելու և առաջընթացը պարբերաբար գնահատելու միջոցով:

Մամլո ասուլիսին մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, «Գենդերը և քաղաքականությունը» ծրագրի, Բաց հասարակության ինստիտուտի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քարոզարշավը կսկսվի 2007թ. դեկտեմբերի 11-ին և կշարունակվի 2008 թվականի ընթացքում, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ. ուսումնասիրություններ, կարիքների գնահատում, օրենսդրական բարեփոխումներ, կլոր սեղաններ բոլոր մարզերում:
Քարոզարշավին աջակցում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակը, և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:

ԿԻՍՎԵԼ