Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտն իրականացնում է «Գործող կենսաթոշակային ապահովության համակարգի առկա իրավիճակի բացահայտում» հետազոտությունը

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, ՀՀ կառավարության լիազորած կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը) պետք է կազմի ՀՀ բնակչության կենսաթոշակային ապահովության մասին պետական ամենամյա զեկույց և յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո հրապարակի: Զեկույցի նախապատրաստման նպատակով Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտն իրականացնում է «Գործող կենսաթոշակային ապահովության համակարգի առկա իրավիճակի բացահայտում» հետազոտությունը:
Հետազոտությունն իրականացնելու համար առաջիկայում նախատեսված է ուսումնասիրել և վերլուծել կենսաթոշակային համակարգը բնութագրող հիմնական ցուցանիշները. կենսաթոշակառուների թվաքանակ, սեռա-տարիքային կազմ, կենսաթոշակի միջին չափ` ըստ կենսաթոշակի տեսակների, կենսաթոշակների վճարման ֆինանսավորման միջոցներ, համակարգի բեռնվածության գործակից (սոցիալական վճարումներ կատարողների թվի հարաբերությունը կենսաթոշակառուների թվաքանակին), տնտեսական իրավիճակ (մակրոտնտեսական ցուցանիշներ, հարկային բեռ), աշխատավարձի մակարդակ, ժողովրդագրական իրավիճակ, կենսաթոշակառուներին տրվող այլ սոցիալական աջակցություն և այլն:
Կենսաթոշակային համակարգը բնութագրող հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հավաքագրվի արդեն իսկ մշակված հարցաթերթին համապատասխան (18 էջ):

ԿԻՍՎԵԼ